23–ամյա երիտասարդը ներկայացել է որպես զոհվածի պապ և գերեզմանի համար խոշոր գումար հափշտակել

23-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, գործը դատարանում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. 23-ամյա երիտասարդը ներկայացել է որպես զոհված զինծառայողի հարազատ ու խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակել՝ իբրև թե զոհված թոռան գերեզմանատան ծախսերի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանի 2 բնակիչ հափշտակել են զինծառայության մեջ գտնվող անձանց փոխանցվող գումարները. ԱԱԾ

Պարզվել է՝ երիտասարդը տեղյակ է եղել, որ Արարատի մարզի բնակչի թոռը զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում։

«Խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ձեռք բերելով Արարատի մարզի բնակչի անվամբ գրանցված ֆեյսբուքյան էջ մուտք գործելու հնարավորություն, «Messenger» հավելվածի միջոցով նամակագրական կապ է հաստատել Կանադայում բնակվող վերջինիս ծանոթ կնոջ հետ և զոհված թոռան գերեզմանատան ծախսերը հոգալու պատրվակով խնդրել է որպես օգնություն գումար ուղարկել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարեն անունով ներկայացած երիտասարդը խաբել է արցախցիներին ու գումար հափշտակել

Կինը կատարել է խոշոր չափերի՝ 1.606.637 դրամի փոխանցում, ինչը երիտասարդը խաբեությամբ հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Անհետ կորածի ծնողից որդուն հետ բերելու խոստմամբ խոշոր չափի գումար է հափշտակել. տեսանյութ