8-րդ գումարման Ազգային ժողովն առանձնապես չի տարբերվի նախորդ խորհրդարանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Իշխող քաղաքական ուժը նույնն է, ընդդիմությունը շատ ավելի արմատական է, շատ ավելի կոշտ քաղաքական պայքարի կողմնակից, որևէ հարցում որևէ համագործակցության չի գնա իշխող քաղաքական ուժի հետ։ Միակ առանձնահատկությունը սա է»,- ասաց նա։
Նրա կարծիքով` առաջիկա ներքաղաքական իրադարձությունների կիզակետը ԱԺ-ն չի լինելու. եթե Հայաստանում ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի,ներքաղաքական պայքարը կշարունակվի փողոցներում, հրապարակում։ Եթե ոչ, ապա խորհրդարանում կտեսնենք քաղաքական սուր ելույթներ, շոուներ, թատրոն և ոչ ավելին։ Տեսարաններ, որոնք մեր ներքաղաքական կյանքի վրա և ընդհանրապես երկրի կյանքի վրա որևէ էական ազդեցություն չեն ունենա։
«Խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը բավականին խոցելի է, և իշխանությունները կարող են հակազդել ամենասուր քննադատական ու կոշտ ելույթները` հիշեցնելով նրանց անցյալը և այլն։ Այս իմաստով իշխանությունները կոմֆորտի մեջ են»,- նշեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին։
Ովքե՞ր կլինեն նոր ԱԺ–ում. խորհրդարան անցած քաղաքական 3 ուժերի ցուցակները հայտնի են