Ռուսաստանը ցավակցություն է հայտնել հայ զինվորականի մահվան կապակցությամբ

Ռուսական կողմը շարունակում է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության պահպանման, հումանիտար հարցերի կարգավորման մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ փոխարտգործնախարարն Արցախի թեման քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

«Դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան:

Նա ցավակցություն է հայտնել նաև սահմանին հայ զինվորականի մահվան կապակցությամբ և մաղթել է շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին:

«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է այդ հարցում օգնություն ցուցաբերել:

ՌԴ փոխարտգործնախարարն ու Ֆրանսիայի դեսպանը խոսել են Արցախի մասին

Նա նշել է, որ ռուսական կողմը շարունակում է իր ներդրումն ունենալ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության պահպանման, հումանիտար հարցերի կարգավորման՝ այդ թվում գերիների ու փախստականների վերադարձի, զոհվածների մարմինների փոխանակման մեջ։ Մոսկվան շարունակում է աշխատել ՄԱԿ-ի ու ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունների՝ տարածաշրջան այցելությունները հնարավոր դարձնելու ուղղությամբ

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ անհանգիստ է Հայաստանի սահմաններին, մասնավորապես, Երասխում: Հայաստանի և Նախիջևանի սահմանի այս հատվածում հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Հուլիսի 19-ի երեկոյան հերթական գնդակոծության ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ականանետեր են կիրառել: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Երասխ համայնքի ղեկավարը։

Իսկ հուլիսի 14-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: