Ով կստանա ԱԺ փոխնախագահի` ընդդիմության աթոռը. «Հայաստան» դաշինքում հարցը որոշված է

Ընդդիմության առաջին օրենսդրական նախաձեռնություններից են լինելու պատգամավորական գործունեության համար ավելացրած գումարները դարձյալ նվազեցնելն ու կառավարական առանձնատների համակարգը վերացնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Ութերորդ գումարման խորհրդարանի փոխնախագահի թեկնածուի շուրջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներում քննարկումներ անցկացվել են, որոշում արդեն կա, բայց կհայտարարվի միայն մանդատներն ստանալուց հետո, հուլիսի 23-ի առավոտյան։

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի նախկին նախարար Սեյրան Օհանյանը

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը` միաժամանակ, սակայն, չհերքելով մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ԱԺ փոխնախագահի` ընդդիմության պատկանող աթոռը հենց իրեն է բաժին հասնելու։

«Չասեմ այս պահին։ Վերջնական որոշում կկայացնենք, հայտարարությամբ հանդես կգանք։ Եկեք այս պահին ձեռնպահ մնանք անուններ հնչեցնելուց»,– ասաց Սաղաթելյանը։

Փոխարենը «Հայաստան» դաշինքի թեկնածուն նշեց, որ «Պատիվ ունեմ»–ի հետ ունեն վճռական որոշում` ակտիվ օրենսդրական գործունեություն ծավալելու։ Առաջին օրենսդրական նախաձեռնություններից են լինելու պատգամավորական գործունեության համար ավելացրած գումարները դարձյալ նվազեցնելն ու կառավարական առանձնատների համակարգը վերացնելը։

«Մենք գտնում ենք, որ, այո՛, պատգամավորական գործունեության համար այդ 250 000 դրամների անհրաժեշտությունը կա, և շատերը դրա կարիքն, իրոք, ունեն։ Բայց այստեղ կորչում է արդարության գաղափարը։ Նույն տրամաբանությամբ դրա կարիքն այսօր ունեն զինվորականները, բժիշկները, ուսուցիչները և այլք։ Հրատապ խնդիրն այս օրերին ԱԺ պատգամավորների աշխատավարձերի խնդիրը չէր»,– ասաց Սաղաթելյանը։

Ինչ են պատրաստվում անել ԲՀԿ–ն և ԼՀԿ–ն խորհրդարանից դուրս

Ինչ վերաբերում է կառավարական ամառանոցներին, դրանք «Հայաստան» դաշինքի համոզմամբ, պետք է վերացվեն իբրև պաշտոնյաների կեցավայր, քանի որ դրանք կարելի է շատ ավելի արդյունավետ օգտագործել, օրինակ` որպես զինվորների վերականգնողական կենտրոն։

«Ժողովրդի անունից խոսող, ժողովրդի ծոցից դուրս եկած իշխանությունները թող գնան և ապրեն իրենց նախկին բնակարաններում, խնայեն պետական միջոցները»,– ասաց նա։

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքն ապագա խորհրդարանում 29 մանդատ է ստանալու, որից մեկը` ազգային փոքրամասնության ներկայացուցչի` ասորական համայնքի անդամ Զեմֆիրա Միրզոևայի համար։