ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց իր վերջին հայտարարությունը, որով ՀՀ քաղաքացիներին կոչ էր արել «բերման ենթարկել» խոպան գնացած իրենց հարազատներին։
«Դա կատակ է եղել, իհարկե, կատակ եմ արել, բայց փորձել են ընդգծել այն, որ Հայաստանում կան բազմաթիվ հիմնական աշխատատեղեր, և այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ կկարողանան այստեղ լավ աշխատատեղեր ճարեն, մանավանդ` իմ նշած ոլորտներում»,– ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանում անգամ հովիվների պակաս կա, և անասնապահությամբ զբաղվող մարդիկ ստիպված են լինում տարբեր երկրներից հովիվներ հրավիրել աշխատանքի։
Նախարարի պաշտնակատարը հիշեցրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ամիս հրպարակում է թափուր աշխատատեղերի ցանկը, որի համաձայն, դրանց թիվը հունիսին ռեկորդային մեծ է եղել ՀՀ–ի համար։
Հուլիսի 21-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ՏՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսի ծառայության ոլորտներում։
Փաշինյանն առաջարկում է սպասել սեպտեմբերին. աշխատատեղերի հայտարարված թվերն ամենաբարձրը չեն