ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ

ՀՀ Սյունիքի մարզպետի որդին աղմկահարույց միջադեպի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը:

Կադրային փոփոխություններ կրակոցների ներքո. ինչ է հայտնի ՊՆ նոր պատասխանատուի մասին

Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Հիշեցնենք` հուլիսի 14–ի գիշերը Գորիսում փոխհրաձգություն էր եղել. ըստ ԶԼՄ–ների` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի («Լիսկա») որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կրակել է Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու վրա։