ՌԱԴԻՈ

Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շինարարական ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ ավազի գնաճին։ 
Sputnik
Ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման. տնտեսագետ

Արմեն Քթոյանի դիտարկմամբ` գտնվում ենք մի ժամանակահատվածում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների պարագայում առկա է գնաճի բավականին բարձր մակարդակ, հետևաբար նույն պատկերը կա նաև վառելիքի ու շինանյութերի շուկայում, այսինքն` հետճգնաժամային ամբողջ ժամանակահատվածը բնութագրվում է գնաճի արագացմամբ։ Ըստ նրա` բնականաբար դա չի կարող շրջանցել շինանյութերի շուկան։ Խոսքը 20-25 տոկոս գնաճի մասին է, ինչն իսկապես բարձր է տվյալ շուկայի համար, բայց պետք է հաշվի առնել, որ այդ ապրանքատեսակների գներն ունեն որոշակի կոշտություն և ոչ միշտ են արձագանքում այն գործոնների փոփոխությանը, որոնք պետք է բերեին գների ավելացման։

Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունը

«Հիշյալ գործոնները կուտակվում են ու հանգեցնում մի իրավիճակի, երբ գնաճն արդեն անխուսափելի է։ Քանի որ շուկան բավականին մրցակցային է և խաղացողները մեծ թիվ են կազմում, հետևաբար չեմ ուզում ենթադրել, որ ինչ–որ հակամրցակցային համաձայնության մասին կարող է խոսք գնալ `չնայած առանձին տարածաշրջանների պարագայում նման իրավիճակը չի բացառվում, բայց էլի առաջնային գործոնը պետք է համարել գնաճը խթանող բաղադրիչների ակտիվացումը»,– նշեց տնտեսագետը։

Քթոյանի կարծիքով` երբ անցում է կատարվում կարգավորումների մեկ այլ ռեժիմի, ապա դա համակարգի որոշակի խաթարման հանգեցնում, ինչն ակնառու է շատ ոլորտների դեպքում, իսկ ավազի ոլորտը բացառություն չէ. այդ և մի շարք այլ ոլորտներում կա լուրջ կարգավորումներ իրականացնելու անհրաժեշտություն, որովհետև այնպիսի տպավորություն է, որ դեռևս օպտիմալ տարբերակն այստեղ ընտրված չէ կամ հստակ ընդգծված ռազմավարություն չկա։ 

«Շինարարության ոլորտում վերջին հինգ ամիսների տվյալներով կա աշխուժազում, վերականգնում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերլուծությունների համաձայն` մեր անշարժ գույքի շուկան թերգանահատված է, և նման պայմաններում նույնիսկ շինանույթի գների բարձրացումը դեռ հնարավորություն տալիս է պահպանել ոլորտի շահութաբերության ընդունելի մակարդակ, ուստի ոլորտը դեռ կշարունակի ներդրողների համար գրավիչ մնալ»,– ասաց տնտեսագետը։ 

Դրամի արժևորումից հետո էլ հեղուկ վառելիքի շուկայում գները չիջան. ո՞րն է պատճառը

Քթոյանի համոզմամբ` թեև ավազի գնաճն անխուսափելիորեն կհանգեցնի շինարարության թանկացման, բայց քանի որ որոշակի թերհագեցվածություն կա անշարժ գույքի շուկայում, հետևաբար շինարարական ծառայությունների նկատմամբ պահանջարկը կշարունակի պահպանվել և ոլորտը դեռ կմնա շահութաբեր։ Ըստ նրա` պետության անելիքն այստեղ հակամրցակցային որևէ համաձայնություն կամ գերիշխող դիրքի չարաշահում թույլ չտալն է։ 

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն` ավազի մեկ կիլոգրամը 200 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, այսինքն՝ ավազի 30 կգ պարկը 7500 դրամ է նախկին 6000-ի փոխարեն: 

Ավազի վաճառքով զբաղվող տնտեսվարողների փոխանցմամբ` այս ընթացքում ավազի հանման թույլտվություն չի տրվում և եթե տալիս են, ապա մեծ դժվարությամբ, իսկ ավազի դեֆիցիտի արդյունքում մեկ բեռնատար ավազը 25000-30000 դրամի փոխարեն վաճառվում է 40000 դրամով: