Արման Թաթոյանը փաստաթղթեր է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook–ի իր էջում երկու փաստաթուղթ է հրապարակել։

«Այս փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիր է, բայց որի հնարավորությունից նա այլևս զրկված է»,– գրել է նա:

Թաթոյանի խոսքով` փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության և մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության պատճառով:

«Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները: Պետք է հատուցեն նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից բացի, խաթարել են մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից»,– նշել է ՄԻՊ–ը:

Ըստ նրա` այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ սահմանային հարցերը չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված: Այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի՝ չի կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները:

Թաթոյանը շեշտել է` մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է առանց վհատվելու ու հետևողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնման: Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Իսկ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։