Ադրբեջանը պետք է 30 հազար եվրո վճարի Արթուր Բադալյանին

Արթուր Բադալյանը, որը գրեթե երկու տարի անցկացրել է ադրբեջանական գերության մեջ, խոշտանգումների է ենթարկվել Բաքվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է հերթական վճիռն ընդդեմ Ադրբեջանի՝ արձանագրելով, որ 2009-2011 թթ. Ադրբեջանը խոշտանգել և ապօրինի ազատությունից զրկել է Արթուր Բադալյանին, որը մոլորվել էր և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը:

«Եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Բադալյանին վճարել 30.000 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Դրմեյանը նշել է, որ Ադրբեջանը հիմա էլ է շարունակում խախտել իր տիրապետության տակ ներքո գտնվող հայ գերիների և քաղաքացիական անձանց իրավունքները:

Հիշեցնենք` Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը գերեվարվել էր 2009թ. մայիսին։ Հայրենիք էր վերադարձվել 2011թ. մարտին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև գերիների փոխանակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Բաքվի դատարանը ՌԴ քաղաքացուն 10 տարվա ազատազրկման դատապարտեց իբր Արցախում կռվելու համար