ՌԴ–ն ողջունում է ԵՄ–ի` Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն հաստատելու ջանքերը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Արցախի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսական կողմը ողջունում է երկխոսության հաստատման հարցում Հայաստանին ու Ադրբեջանին օգնելու Եվրամիության ցանկությունը։ Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, այդ թեմայով հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե միջնորդական ջանքերը խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն են բերում և օգնում են իրականացնել գոյություն ունեցող պայմանավորվածությունները, ապա դրանք կարելի է միայն ողջունել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը՝ Պեսկովը նշել է, որ գործընթացը վատ չի ընթանում, բայց Մոսկվան դեմ չէ միջնորդական լրացուցիչ ջանքերին։

Եվրամիությունը փորձում է ակտիվանալ մեր տարածաշրջանում. քաղաքագետ

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է և՛ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Դուք գիտեք, որ եռակողմ պայմանավորվածությունները կնքվել են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ, և դրանք իրականացվում են նախագահ Պուտինի բավական եռանդուն մասնակցությամբ», - ասել է Պեսկովը:

Նա հավելել է, որ այժմ կողմերը զբաղվում են հենց ձեռք բերված պայմանավորվածությունների հարցերով։

Հիշեցնենք` Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը երեկ Twitter-ում գրել էր, որ Եվրամիությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ է օգնության ձեռք մեկնել։