ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի 6-րդ համար, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի նկատմամբ տարած հաղթանակից հետո հարցազրույց է տվել ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքին:
«Մամեդյարովը բարձրակարգ շախմատիստ է, սակայն ես լավագույն խաղս ցույց տվեցի ու հաղթեցի առաջին պարտիայում: Երկրորդում դժվար էր. սևերով էի հանդես գալիս: Մոտ էի ոչ-ոքիին, բայց շատ սխալներ թույլ տվեցի ու պարտվեցի: Բայց հետո կրկին առավելություն ստացա»,-ասել է Մարտիրոսյանը։
Գավաթի հաջորդ փուլում հայ գրոսմայստերը ուժերը չափելու է խորվաթ շախմատիստ Անտե Բրկիչի հետ, որի հետ մեկ անգամ արդեն հանդիպել է 2018թ–ի օլիմպիադայում։
«Շատ ուժեղ մրցակից եմ ունենալու, հեշտ դիմակայություն չի լինելու: Հիմա հոգնած եմ. կհանգստանամ ու կտեսնենք, թե ինչ կլինի»,– առաջիկա խաղի մասին հարցին պատասխանել է Հայկ Մարտիրոսյանը։
Մարտիրոսյանը հաղթել է թուրք շախմատիստին, Սարգսյանը թայ–բրեյք կխաղա ադրբեջանցու հետ
Երեկ` հուլիսի 20–ին, Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովին և նվաճել աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր:
Երրորդ փուլի արդյունքներով Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի էր խաղացել Մամեդյարովի հետ։ Հաղթողին որոշելու համար կարիք էր զգացվել լրացուցիչ մրցախաղերի։
Հիշեցնենք, որ երկրորդ փուլում Հայկ Մարտիրոսյանը մեկ հաղթանակ, մեկ ոչ-ոքի արդյունքով հաղթել էր Թուրքիայի ուժեղագույն գրոսմայստեր Յլմազ Մուստաֆային և նվաճել 3-րդ շրջանի ուղեգիր:
Հավելենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է մասնակցել գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով։ Պայքարը լքել են նաև Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը:
Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։
Հայ շախմատիստն անցել է Աշխարհի գավաթի երկրորդ փուլ, որտեղ կհանդիպի ադրբեջանցու հետ