Ինչու «Հայաստան» դաշինքը չստացավ ձայների մեծամասնությունը. Քոչարյանի մեկնաբանությունը

Քոչարյանը հայտնեց, որ հարցի շուրջ շատ տարբեր կարծիքներ է լսել, բայց ինքն անձամբ հակված է դրանցից 3-ին, որոնք իր համոզմամբ, որոշիչ են եղել ընտրապայքարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Այսօր երեք մասնավոր հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ ներքաղաքական կյանքին վերաբերող հարցերին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե ինչո՞ւ «Հայաստան» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններում չստացավ ընտրողների ձայների մեծամասնությունը։

ՍԴ–ն որոշեց ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները թողնել անփոփոխ

«Սա այն հարցն է, որ հուզում է ոչ միայն ինձ, այլև շատ–շատերին`և՛ հոգեբաններին, և՛ քաղաքագետներին, և՛ ընդհանրապես մարդկանց, ովքեր հետաքրքրված են հասարակական կյանքով»,– ասաց Քոչարյանը` հավելելով, որ հարցի շուրջ շատ տարբեր կարծիքներ է լսել, բայց ինքն անձամբ հակված է դրանցից 3-ին, որոնք, իր համոզմամբ, որոշիչ են եղել ընտրապայքարում։

«Առաջինը` դա էդ հին–նոր բաժանումն է, նաև` որոշակի դասակարգային երանգներով։ Հայաստանցի–ղարաբաղցի բաժանում է։ Եվ այդ հին ու նորը, հայաստանցի–ղարաբաղցին իրար կպել են` հասկանալի պատճառներով։ Եվ մեկ հանգամանք. դա նոր պատերազմի վտանգի սարսափն է։ Երբ մենք ասում էինք «արժանապատիվ խաղաղություն», ու երբ մեր ժողովրդի մի հատվածը հարմարվել էր պարտության հետ, այդ «արժանապատիվ խաղաղության» մեջ նույնիսկ վտանգ էին տեսնում, որ այս մարդիկ ինչ–որ քայլեր են անելու` արժանապատվությունը վերականգնելու համար, և այդ քայլերը ինչ–որ չափով կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից»,– ասաց Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքը պահանջում է հրապարակել ընտրություններին քվեարկած զինծառայողների ցուցակը

Նա նաև ուշադրությւն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր պատրազմի սարսափի վտանգի առաջ կանգնեցրած քաղաքական ուժը ինքն էլ հենց շահող դուրս եկավ այդ վիճակից։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։