Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդու վիճակը ծանր է․ մանրամասներ

Տարեց տղամարդը գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի բժիշկ Աշոտ Քյաբաբյանը։

«70-ամյա տղամարդու մոտ առկա է հրազենային վնասվածք։ Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժնում: Կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ: Տղամարդը ստացել է սրունքի կոտրվածք, շոկային վիճակում է: Մինչև վիճակի կայունանալը հիվանդը կմնա կենտրոնում», - ասել է բժիշկը։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Դիմակավորված անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է տարեց ամուսինների տան ննջասենյակի պատուհանը, մտել ներս, զենքով ստիպել, որ իրենց մոտ եղած գումարը տան, ապա վերցնելով 60-70 հազար դրամ գումար` կրակել է տղամարդու վրա ու հեռացել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավազակություն, որը կատարվել է առողջությանը ծանր վնաս պատճառելով) հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Ամուսինները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը հոսանքահարվել է ու մահացել