Գրիգորյանն ու Լուազոն վերահաստատել են հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված սկզբունքների, առաջարկվող մոտեցումների հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին:

Գրիգորյանն ու Լուազոն վերահաստատել են հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հաղթահարման ուղիները։

Վերահաստատվել է Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առանց նախապայմանների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում Արմեն Գրիգորյանը կարևորել է ս.թ․ մայիսի 20-ին այդ առնչությամբ ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևը։

Գրիգորյանն ու Լուազոն վերահաստատել են հայ գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր և լարվածության նոր օջախի ստեղծումը Երասխի ուղղությամբ։

Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մշակված սկզբունքների (այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի), առաջարկվող մոտեցումների հիման վրա։