ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ կիրառվող պատվաստանյութերի միջև տարբերություններ, իհարկե, կան, բայց դա պատվաստումից հրաժարվելու առիթ չպիտի լինի։ Այս մասին Երևանի Բժշկական համալսարանում տեղի ունեցած հանդիպմանն ասել է ամերիկյան «Մոդեռնա» դեղագործական և բիոտեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը՝ շեշտելով, որ բոլոր պատվաստանյութերն էլ վստահաբար չպատվաստվելուց ավելի լավ են:
«Դու կարող ես քո կյանքը վտանգի ենթարկել: Դա քո որոշումն է: Բայց և վտանգի ես ենթարկում ուրիշներին», - ասել է Աֆեյանը։
Նա, սակայն, չի մեղադրում այն մարդկանց, որոնք անվստահությամբ են վերաբերվում պատվաստանյութերին, քանի որ նման ճգնաժամ, ինչպիսին կորոնավիրուսի համավարակն է, նախկինում չի եղել:
Նուբար Աֆեյանն ընդգծել է, որ չկա որևէ պատվաստանյութ, որն ամբողջությամբ անվտանգ է, ինչպես բժշկության մեջ ցանկացած միջամտություն: «Այս վիրուսի ազդեցությունը մարդու առողջության վրա վատ կամ ավելի վատ է: Ցանկացած պարագայում այն թողնում է որևէ հետևանք առողջության վրա: Հետևաբար պաստվաստանյութի բացասական ազդեցության ռիսկերն ավելի փոքր են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ չվարակվել և վիրուսը չփոխանցել ուրիշներին:
Պատվաստանյութերի նկատմամբ հանրության վերաբերմունքը Աֆեյանը համեմատել է բժշկի նշանակած դեղորայքն ընդունելու կամ վիրահատության անհրաժեշտության հետ, որոնք ևս որոշակի ռիսկ պարունակում են, բայց կոչված են պաշտպանելու էլ ավելի մեծ վտանգից։
Հավելենք, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: