ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմին և ՀՀ զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին՝ ՊՆ առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս առաքելությունը ստանձնելու ընթացքում: Ունեք կառավարության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմի աջակցությունն այս բարեփոխումներն իրականացնելու գործում»,–ասել է նա:
Հարությունյանի խոսքով` առաջիկա 5 տարիներին ժողովրդի տված մանդատը կիրացնեն նաև բանակում բարեփոխումներ իրականացնելիս:
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ ուժեղ բանակ և պաշտպանված սահմաններ ունենալու համար:
Ինչո՞ւ է Վաղարշակ Հարությունյանը հրաժարվել պաշտոնից. քաղտեխնոլոգը մեկ տարբերակ է դիտարկում
«Եվս մեկ անգամ ուզում եմ ողջունել այն անձնակազմին, որի հետ ծառայել եմ և ծառայելու եմ: Բարեփոխումները բավականին արագ են լինելու»,-ասել է ՊՆ առաջին տեղակալը:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին՝ կատարած աշխատանքի համար, նշելով, որ նա պատվով է կատարել այս ժամանակահատվածում իր առաքելությունը։
Իր հերթին Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և սպաներին, որոնց հետ անցել է դժվարին, հետպատերազմական փուլ՝ հաղթահարելով մի շարք բարդություններ:
Պաշտպանության նախկին նախարարն ընդգծել է ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է դրանք շարունակել ու ավարտին հասցնել՝ տարածաշրջանում լիարժեք մարտունակ բանակ ունենալու համար:
Արշակ Կարապետյանը նոր պաշտոն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը