Այս օրերին Շտապօգնության ծառայությունն օրական միջինում 650-700 կանչ է սպասարկում։ Որքան էլ տարօրինակ է՝ ամառային անոմալ շոգերով պայմանավորված կանչեր ծառայությունն առայժմ չի ստացել, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
«Ծառայությունն աշխատում է իր հիմնական ռեժիմով։ Առաջին տեղն զբաղեցնում են սրտանոթային հիվանդություններով պայմանավորված կանչերը, այնուհետև՝ սուր շնչառականները և վնասվածքները»,- ասաց նա։
Մարդիկ հիմնականում բավականին զգոն են և, եթե նախապես տեղեկացված են լինում բարձր ջերմային ֆոնի մասին՝ հիմնականում աշխատում են արևի ճառագայթների տակ չգտնվել կամ համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Արևի ուղիղ ճառագայթների տակ մնալը հակացուցված է հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցողներին, իսկ ընդհանուր առմամբ այն վտանգավոր է բոլորի համար։
Թագուհի Ստեփանյանը խորհուրդ է տալիս ամռանը շատ քանակությամբ հեղուկ օգտագործել, քանի որ ջրազրկման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը։
Երկիր մոլորակի վրա կարող է անտանելի շոգ լինել. գիտնականներ
Նրա խոսքով` շոգ եղանակին բարենպաստ պայմաններ են ստեղծվում աղիքային վարակների համար։ Դրանով պայմանավորված՝ նա բնակչությանը կոչ արեց զգոն լինել սննդի ընտրության հարցում, չգնել անհայտ ծագում ունեցող մթերք, ինչպես նաև ձեռնպահ մնալ շուտ փչացող սննդից՝ կաթնամթերքից, մայոնեզով աղցաններից և այլն։