Գերիներ, Ադրբեջանի դրոշներ և հայատյացություն. Թաթոյանն ապացույցներ է ներկայացրել Լուազոյին

Արման Թաթոյանն ընդգծել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La Republique en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի Facebook–յան էջում։

Ադրբեջանցիները սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, քաշքշել նրան. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Ըստ հաղորդագրության` Թաթոյանը Լուազոյին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Ներկայացված ապացույցները հիմնավորում են, որ Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն:

Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական զինծառայողները պարբերաբար առաջացնում են բերքահավաք և խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ, կատարում են կենդանիների գողություններ, հնչեցնում են բնակիչների նկատմամբ սպառնալիքներ և այլն:

Գերիներ, Ադրբեջանի դրոշներ և հայատյացություն. Թաթոյանն ապացույցներ է ներկայացրել Լուազոյին

«Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն»,–նշել է Թաթոյանը:

Հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:

Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները ՀՀ Երասխի հատվածում հանցավոր են. Արման Թաթոյան

Նա նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Պաշտպանը նաև ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները:

Թաթոյանը ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նշենք, որ երեկ Նատալի Լուազոն հանդիպել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։