Սուքիասյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիային հայտնեց, թե երբ կհրապարակվի որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Որոշումը կհրապարակվի վաղը»,- ասաց Թադևոսյանը։

Հիշեցնենք`հուլիսի 18–ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

Կրակել են ԱՄՆ քաղաքացու ոտքին. ՀՀ ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել Ամիրյանի դեպքի մասին

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա  Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝  Ռ. Սուքիասյանը (խաչատուր Սուքիասյանի եղբայրը) իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։

Հրազենային, կտրած-ծակած վերքեր. մանրամասներ են հայտնի Ամիրյանում հնչած կրակոցների դեպքից

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։

Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել. ԶԼՄ