«Ոչ մեկին չեմ ասել՝ ինչ անի»․ Վազգեն Մանուկյանի գործով հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերին

Արամ Վարդևանյանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները քննարկելիս պետք է հիշել նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք ուղեկցվում էին ատելության խոսքով և մուրճի օգտագործմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը տեղափոխվել է սեպտեմբերի 22-ին։ Այդ օրը Երևանի առաջին ատյանի դատարանը Վահե Միսակյանի նախագահությամբ նիստը կսկսի Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանության միջնորդության վերաբերյալ որոշման հրապարակումից։ Նշենք, որ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

«Կտրականապես դեմ եմ ընտրություններին». Վազգեն Մանուկյանը պնդում է` կխայտառակվենք

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Հայաստանում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելը): 

«Անկեղծ եմ ասում՝ ես ոչ մեկին չեմ ասել՝ ինչ անի. ոչ լրատվամիջոցներով, ոչ անձնական շփումներում։ Ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը», - նիստից առաջ լրագրողներին ասել է Մանուկյանը։

Իր հերթին նրա փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները քննարկելիս պետք է հիշել նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք ուղեկցվում էին ատելության խոսքով և մուրճի օգտագործմամբ: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանում դատախազության կողմից Փաշինյանի նման հայտարարությունների արդարացումը, պետք է սպասել նույն արձագանքին նաև Մանուկյանի գործի դեպքում:

Նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել գործի քննությունը, քանի որ Վազգեն Մանուկյանը ներգրավել էր երկրորդ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որը դեռ չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին:

Հայերի տունը կռիվ էր ընկել․ «բողոքականներն» ու «մերժվածները»՝ նույն խորհրդարանում

Նշենք, որ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ:

Ըստ գործի նյութերի՝ Մանուկյանը ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ի, 20-ի, 26-ի հանրահավաքների ժամանակ։ Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հրապարակել է ընդդիմության մշակած երկու պլան, որոնցից առաջինը ենթադրում էին բացատրական աշխատանքներ քաղաքացիների, ուժայինների, պատգամավորների հետ, իսկ երկրորդը կամ «պլան Բ-ն» իշխանության արագ զավթումն էր։