Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանն ազատ է արձակվել. հաշվի են առել ինքնախոստովանությունը

Պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում խափանման միջոցը փոխվել է գրավով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավետյանը Քարահունջ գյուղում ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրյալ է և գտնվում էր կալանքի տակ։

Գոռ Աբրահամյանը նշեց, որ պաշտպանության կողմի միջնորդության քննարկման արդյունքում դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը՝ գրավով։

«Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը։ Հաշվի է առնվել Ավետյանի կողմից ինքնախոստովանական ցուցմունք տալու, քննությանը և հանցագործության բացահայտմանն օժանդակելու հանգամանքը, և գրավի կիրառումը բավարար է ազատության մեջ մնալով մեղադրյալի պատշաճ վարքագիծը երաշխավորելու համար»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ավետյանին մեղադրանք է առաջադրվել ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու եւ քվեարկության գաղտնիությունը խախտելու հատկանիշներով:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպան Արման Մելքոնյանն ավելի վաղ ասել էր, որ Ավետյանը ցուցմունք է տվել Գորիսի համայնքապետի դեմ։ Փաստաբանի խոսքով՝ Առուշանյանը կալանավորվել է այդ ցուցմունքի հիման վրա։