«Նոր գերիների փոխանակման հույս ունե՞ք». Նատալի Լուազոն հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La Republique en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոյին. լուսանկարներ

Փաշինյանը բարձր է գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին Լուազոն, որտեղ առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրն ու շեշտադրումներ կատարվել տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը նպաստելու ուղղությամբ:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքից և հավելել, որ դրանք ստացել են դինամիկ բնույթ: Նա առանձնահատուկ ընդգծել է նաև Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը:

Նատալի Լուազոն էլ նշել է, որ որպես Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ՝ ցանկանում է իմանալ՝ ի՞նչ կարող է ավելին անել Եվրամիությունն օգնելու, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա և լիցքաթափվի:

«Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունե՞ք, արդյոք հնարավո՞ր է շարունակել ականազերծման աշխատանքները, արդյոք հնարավո՞ր է շարունակել օգնել տեղահանված անձանց, ինչն արդեն իսկ անում է Եվրամիության պատվիրակությունը, և ի՞նչ եք մտածում այն սադրանքների մասին, որոնք կատարվում են սահմանին, վերջինն ընդամենը երեկ էր տեղի ունեցել»,- ասել է նա։

Լուազոն կարևորել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանումն ու այդ նպատակով միջազգային կազմակերպությունների ազատ մոտքի հնարավորության ապահովումը: «Կուզեի այս հարցով էլ իմանալ՝ արդյոք կան բաներ, որ կարող ենք անել, որպեսզի դյուրացնենք այդ մուտքը և ապահովենք ժառանգության պահպանումը: Քիչ առաջ հիշատակեցիք հանձնաժողովի նախագահի այցը, փաստորեն Դուք ընդունեցիք նրան, հանձնակատարին և հիմա արդեն խորհրդարանի պատվիրակությանն եք ընդունում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը գտնվում է Եվրամիության ուշադրության կենտրոնում: Կուզեի իմանալ՝ որոնք են այն ոլորտները, որտեղ կցանկանայիք Եվրամիությունն ավելի մեծ ներկայություն ունենար, որոնք են այն ոլորտները, որտեղ կցանկանայիք ավելի շատ ֆրանսիական ներկայություն տեսնել»,- նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ է պատասխանել Փաշինյանը։

Միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող գերիներին այցելելու համար. փաստաբանների պալատ

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: