Առաջին հայացքից թվում է, թե սահմանային լարվածության ֆոնին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը տեղին չէ` անկախ այն հանգամանքից, թե նա որքանով է իր տեղում, որքանով է կոմպետենտ, սակայն քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով` այդ որոշումը կայացվել էր նախապես, առավել ևս, որ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ Հարությունյանը հավանաբար կզբաղեցնի Անվտանգության խորհրդի քարտուղարի թափուր մնացած տեղը որպես ռուսամետ գործիչ` ի տարբերություն Արմեն Գրիգորյանի։
«Հարությունյանի հրաժարականը պետք է դիտարկել կադրային փոխատեղումների համատեքստում, ինչն ուղղակիորեն պայմանավորված չէ Երասխում տեղի ունեցող գործընթացներով, որոնք պետք է դիտարկել ավելի գլոբալ պրոցեսների շրջանակում։ Սխալ կլինի մտածել, թե Վաղարշակ Հարությունյանի նախասիրություններն ու ծրագրերը չէին համընկնում երկրիր գործող իշխանության քաղաքական գծի հետ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով` նախարարի նախկին պաշտոնակատարի կոմպետենտության մասին խոսելն ավելորդ է, որովհետև բոլորը տեսան, որ նա իր զբաղեցրած պաշտոնում որևէ էական դերակատարում չի ունեցել, չկար ո՛չ կամք, ո՛չ մենեջմենտ։ Ըստ փորձագետի` ՊՆ–ն վերջին ամիսներին վերածվել էր կամազուրկ կառույցի, և դրանում ոչ միայն Հարությունյանի, այլև ամբողջ քաղաքական ղեկավարության մեղքը կա։
«Կար պետական քաղաքականության հստակ գիծ, որը բացառում էր բանակի գործոնը, և այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը գտել էր լավագույն տարբերակը, լավագույն կադրային լուծումն ի դեմս Վաղարշակ Հարությունյանի, իսկ վերջինս իր հերթին բացարձակապես չէր դիմադրում և հարմարվել էր իրեն վերապահված առաքելությանը։ Ես նույնիսկ չեմ հիշում, թե բանակն ինչով է զբաղվել, երբ նախարարի պաշտոնակատարը Հարությունյանն էր»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի խոսքով` արդեն փաստ է, որ ՀՀ–տարածքում վերջին ամիսներին բավականին լավ պայմաններով տեղակայվել են ադրբեջանական զինված ստորաբաժանումները, իսկ հայկական բանակն ըստ էության որևէ լուրջ դիմադրություն չի ցուցաբերում։
Հակոբյանն Արշակ Կարապետյանի նշանակումն էլ է դիտարկում է կադրային փոխատեղումների համատեքստում, առավել ևս, որ Փաշինյանի կադրային բանկը, ըստ քաղտեխնոլոգի, բավականին սուղ է, և նա հաշվի է առնում առաջին հերթին անձնական նվիրվածության հանգամանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում լուրեր են պտտվում, որ նրա փոխարեն նշանակվելու է Արշակ Կարապետյանը, որն այսօր ազատվել է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին` ՀՀ պաշտպանության նախարար։
Նա պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել էր նաև 1999-2000 թթ.-ին։ Սակայն 2002թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել ու աստիճանազրկվել։ Ինքը` Հարությունյանն իր աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդար է համարում։
2019 թ. օգոստոսի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ճանաչվեց ուժը կորցրած։