Ադրբեջանական կողմը լարելով իրավիճակը սահմանին՝ ճնշում է գործադրում ՀՀ ղեկավարության վրա ապագայում ինչ-ինչ զիջումներ կորզելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։
Զիջումներից մեկն էլ լինելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը, որտեղ շատ կարևոր է, թե ինչպես կարձագանքեն շահագրգիռ կողմ հանդիսացող միջազգային խաղացողները։
«Միջանցքի խնդիրը շատ բարդ, բազմաբովանդակ և շահերի մեծ բախման բերող խնդիր է։ Օրինակ` ռուսական կողմի շահագրգռվածությունն այդ հարցում միանշանակ չէ, որքան էլ հակառակ կարծիքներ կան։ Շահագրգռված չէ իրանական կողմը, միանշանակ շահագրգռված է թուրք-ադրբեջանական կողմը, բայց հիմա եծ հարց է, թե այս խաղացողներն ինչպես կկարողանան իրենց շահերն առաջ մղել և գործնական մակարդակում դրանք պաշտպանել»,- ասաց նա։ Դիտարկմանը, թե Հայաստանի ներուժը բավարա՞ր է իրավիճակը մինչև վերջ վերահսկողության տակ պահել և թշնամուն թույլ չտալ առարկայական հաջողությունների հասնել` Հակոբյանն այսպես արձագանքեց.
«Վստահ չեմ, որ թշնամին խնդիր է դրել Երասխի հատվածում առաջխաղացում ունենալ, սակայն որոշակի լոկալ թեժ գոտի է ստեղծվում»,- նշեց նա։
Փորձագետը դժվարանում է հստակ վերլուծել, թե հետպատերազմական շրջանում ինչ պոտենցիալ ունեն հայկական և ադրբեջանական բանակները։
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար
«Պատերազմը որոշակիորեն անակնկալ ավարտ ունեցավ ժամանակի առումով, և մենք չենք կարող հստակ ասել, թե հայկական և ադրբեջանական բանակներն ինչ են կորցրել և այս ընթացքում ինչ են ձեռք բերել»,- հավելեց Հակոբյանը՝ չբացառելով, սակայն, լայնամասշտաբ էսկալացիայի հավանականությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։
Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:
Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:
Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։