ՀՀ–ն պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործին. Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումներին։ Այս մասին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ասել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ընդունելության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ–ն պատրաստ է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործին. Գրիգորյան

Նշվում է, որ հանդիպման առանցքային թեման եղել է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը ՀՀ Արարատի մարզում՝ Երասխ բնակավայրի ուղղությամբ։

2 կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը. ԱՄՆ–ն` Երասխի մասին

«Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշեց, որ այդ գործողություններին զուգահեռ պաշտոնական Բաքուն հանդես է գալիս Հայաստանի դեմ տարածքային և պատմական կեղծ պահանջներով, որոնք հստակորեն մատնանշում են Ադրբեջանի զավթողական նկրտումները Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Շեշտվեց, որ Արցախի ժողովրդի դեմ ուժի կիրառումը, զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ էթնիկ զտումների հանդեպ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքն Ադրբեջանին քաջալերել են ուժի կիրառումը դարձնել քաղաքականության մշտական գործիք, ինչը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումները։

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

Նա նշել է, որ այսօր ՀՀ Զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները, և Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը՝ համագործակցելով նաև համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։

«Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքը, ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում».- նշել է Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։