Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել․ այժմ իրավիճակը հանգիստ է

Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է գրեթե նույն ժամանակ, ինչ Արարատի մարզում՝ Երասխի դիրքերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել, տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիթչյանը։

Ադրբեջանը տարածել է` իբր Գեղարքունիքից կրակ են բացել իրենց ուղղությամբ. ՀՀ ՊՆ–ն հերքում է

«Փոխհրաձգությունը եղել է Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում: Գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն գնդակոծվել են մարտական հենակետերը։ Մեր կողմից վիրավորներ չկան», - ասել է համայնքապետը։

Նա նշել է, որ կրակոցները հնչել են ժամը 22-ից մինչև գիշերվա ժամը 1-ը։ Նշենք, որ գրեթե այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանական ԶՈւ-ն հրետակոծում էր հայկական դիրքերը Արարատի մարզում՝ Երասխում։

Կութի գյուղապետի փոխանցմամբ՝ աժմ իրավիճակը հանգիստ է։

Նշենք, որ դիրքերի կրակոցները լսվել են նաև Գեղարքունիքի Գեղամասար և Սոթք համայնքներում։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: