Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Անցած գիշեր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը եռալեզու գրառում է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում: Անցած գիշեր ֆեյսբուքյան այսպիսի գրառում է արել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Գրառումը եռալեզու է։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: 

Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։