Երասխի համայնքապետը վիրահատվել է․ ազգականը մանրամասներ է հայտնել

Այս պահին դեռ հայտնի չէ, թե որքան երկար ժամանակ Ռադիկ Օղիկյանը կմնա բժշկական կենտրոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik․ Երեկ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով ուսի հատվածում վիրավորում ստացած Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը վիրահատվել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Օղիկյանի զարմիկը։

Գիշերը Գեղարքունիքի դիրքերում կրակոցներ են հնչել․ այժմ իրավիճակը հանգիստ է

«Նա ուսի վնասվածք է ստացել, նրան արդեն վիրահատել են։ Հիմա վիճակը նորմալ է, դեռ գտնվում է բժշկական կենտրոնում, առայժմ չգիտենք՝ որքան դեռ հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն կլինի», - ասաց նա։

Օղիկյանի գիտակցությունը տեղն է, նրա վնասվածքը աջ ուսի հատվածում է։

Հիշեցնենք՝ հակառակորդը երեկ գիշեր մինչև ժամը 02:00-ը կրակել է Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Օղիկյանը, որն այդ պահին մարում էր ադրբեջանական գնդակոծության հետևանքով դիրքերում բռնկված հրդեհը։

Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։