Երասխի համայնքապետը բեկորային վնասվածք է ստացել, հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Ռաֆիկի Օղիկյանի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Երասխի համայնքապետը վիրահատվել է․ ազգականը մանրամասներ է հայտնել

2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատի մարզի Երասխ գյուղի վարչական շրջանի ղեկավար Ռադիկ Ռաֆիկի Օղիկյանը, գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում ստացել է բեկորային վնասվածք՝ աջ բազկի շրջանում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Հիշեցնենք՝ հակառակորդը երեկ գիշեր մինչև ժամը 02:00-ը կրակել է Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Արդյունքում հրազենային վնասվածք է ստացել Օղիկյանը, որն այդ պահին մարում էր ադրբեջանական գնդակոծության հետևանքով դիրքերում բռնկված հրդեհը։