Դեսպաններին Երասխ տարեք. Էդմոն Մարուքյան

Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածի վերաբերյալ ժամեր առաջ գրառում է կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հայաստանում հավատարմագրված դեսպաններին Երասխ տարեք, ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ժամը 2-ից հետո Երասխի հատվածում հանգիստ է եղել․ ՊՆ

«Հայաստանում հավատարմագրված դեսպանները Արցախ չէին գալիս. հիմա գոնե Երասխ տարեք, թող տեղում իրավիճակին ծանոթանան և իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում»,-նշված է գրառման մեջ։

Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածի վերաբերյալ ժամեր առաջ գրառում է կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:  Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։

Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։