Նարեկ Մինասյանի դիտարկմամբ` Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության հրահրումը պաշտոնական Բաքվի նկատմամբ մեծացող ճնշումների արձագանքն է, որովհետև Ալիևը մի քանի ամիս շարունակ փորձում էր Հայաստանից զիջումներ կորզել` օգտագործելով գերիների գործոնը, սակայն չկարողանալով արդյունքների հասնել` հիմա էլ փորձում է ճնշումը մեծացնել և սահմանային էսկալացիա առաջացնել։
«Ակնհայտ է, որ համանախագահները ձգտում են վերականգնել բանակցային գործընթացը, ինչին որևէ ձևով չի արձագանքում ադրբեջանական կողմը` քաջ գիտակցելով, որ անվերջ չի կարող շարունակել նման գործելաոճը, ուստի ցանկանում է հնարավորինս մեծացնել ճնշումները հայկական կողմի վրա և ստանալ զիջումներ տարբեր հարցերի առնչությամբ»,– նշեց քաղաքագետը։
Մինասյանը վկայակոչեց այդ հարցերից մի քանիսը, որոնք արդեն իսկ հայտնի են, նախ`դեմարկացիա ադրբեջանահաճո տարբերակով, հետո՝ Արցախի կարգավիճակին առնչվող թեմայի փակում, ինչպես նաև, այսպես կոչված, «Զագեզուրի միջանցքի» տրամադրում։ Ըստ նրա` ադրբեջանական կողմը բավականին մեծ ախորժակ ունի, հետևաբար փորձում է շանտաժային մեխանիզմներով հասնել տարբեր լուծումների, սակայն Մինսկի խմբի համանախագահները ավելի ու ավելի վճռական են հայտարարում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության մասին։
«Համանախագահների կողմից ճնշումների առավել ցայտուն դրսևորումներից մեկն այն էր, երբ այդ երկրների դեսպանները չընդունեցին Շուշի այցելելու Ալիևի հրավերը։ Ադրբեջանը ներկայիս գործալակերպով փորձում է նաև խաթարել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու տարբեր ուժերի ջանքերը և իր քայլերով ոչ միայն խախտում է ստանձնած պարտավորությունները, այլև տորպեդահարում է մի շարք գործընթացներ, այդ թվում նաև կոմունիկացիաների բացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները»,– ասաց քաղաքագետը։
Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին
Մինասյանի կարծիքով` ադրբեջանական կողմը որևէ կերպ շահագրգռված չէ տարածաշրջանում կայունության հաստատմամբ և միանշանակ փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից հնարավորինս նոր զիջումներ ստանալու և ցանկալի սցենարով գործընթացներ առաջ տանելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ադրբեջանական զինված ուժերը մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետներ։
Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:
Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:
Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։