ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: