ՇՄ նախարարությունը նշել է արագիլների աղտոտման հավանական աղբյուրը

Նախարարությունը գրություններ է ուղարկել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի և Արարատի մարզպետարաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik․ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ում գրել է, որ արագիլների աղտոտման խնդիրը գտնվում է իր ղեկավարած կառույցի ուշադրության կենտրոնում։

Նա նշել է` հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում արագիլների` անհայտ նյութով աղտոտման դեպքերը և այն, որ ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների համաձայն, աղտոտման հավանական աղբյուր են հանդիսանում Մասիս քաղաքի աղբավայրում առկա ձկնաբուծարանների թափոնները (ձկան փորոտիքը), շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Գերատեսչությունը խնդրել է հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման, դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։

Հայաստանում 18,7 միլիոն դոլարի ներդրում կարվի անտառային նոր տարածքներ հիմնելու համար

Նախարարությունը գրություններ է ուղարկել նաև Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, հորդորելով՝ հետևողական լինել Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային աղբավայրերի տարածքներից դուրս նոր աղբի կուտակումների, ձկնաբուծարանների թափոնների հայտնաբերման ուղղությամբ և արձանագրված դեպքերի մասին տեղյակ պահել շրջակա միջավայրի նախարարությանն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։

Հիշեցնենք` արդեն երրորդ տարին է` ամռան ամիսներին ծագում է արագիլների աղտոտման թեման։ Անցյալ տարի պարզվեց` Արարատի մարզում արագիլների աղտոտման հիմնական խնդիրը եղել է այն, որ բնադրավայրերին մոտ գտնվող և գործող ձկնաբուծարաններից մեկը խոշոր ծավալներով արտանետումներ է բաց թողել։

Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը օրերս հայտարարեց, որ ավարտել է Արարատի մարզում արագիլների հաշվառման գործընթացը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզի արագիլների շուրջ 60%-ն աղտոտված են։