ՌԴ-ն հատուկջոկատայինների համատեղ զորավարժությունների շարք կանցկացնի Աֆղանստանի սահմանին

Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի նրա դաշնակիցները պետք է պատրաստ լինեն Աֆղանստանում զինված առճակատման զարգացման վատագույն սցենարներին: Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոն վերլուծում է ԱՄՆ–ի հեռացումից հետո Աֆղանստանում տիրող իրավիճակը։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Աֆղանստանում իրավիճակն արագ հետընթաց է ապրում, աճում է հարևան պետություններում անկայունության պրոյեկցիայի վտանգը։ Մոսկվան ձեռքը պահում է տարածաշրջանի զարկերակի վրա, շփման մեջ է թալիբների հետ` նախազգուշացնում է նրանց զգալի կորուստների մասին` ՌԴ դաշնակից Կենտրոնական Ասիայի երկրներ էքսպանսիայի դեպքում, շատ չի վստահում ահաբեկչական կազմակերպության «քաղաքական գրասենյակի» խոստումներին և աննախադեպ համատեղ զորավարժություններ է կազմակերպում տարածաշրջանային դաշնակիցների հետ աֆղանական սահմանի մերձակայքում։

«Բայդեն, շնորհակալություն զենքի համար». ո՞վ է թալիբներին աջակցում Աֆղանստանում

Ռուսաստանի ԶՈւ հատուկ և խաղաղապահ ջոկատներն օգոստոսին և սեպտեմբերին Ուզբեկստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զորքերի հետ համատեղ 9 հակաահաբեկչական զորավարժություն կանցկացնեն։ 2021 թվականի ապրիլին ուկրաինական սահման մի քանի ռուսական դիվիզիաների և բրիգադների տեղափոխման մասշտաբների հետ համեմատելի տպավորիչ շարքը կավարտվի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների ԶՈւ «Խաղաղ առաքելություն-2021» ռազմավարական մանևրումներով, որոնց կմասնակցի ավելի քան 4000 զինծառայող։ Եթե իհարկե Աֆղանստանում տիրող իրավիճակը շտկումներ չմտցնի ծրագրերում։

Կենտրոնական Ասիայի ուղղությամբ կարող է նախատեսվել ու կենտրոնանալ Ռուսաստանի հատուկ զորքերի գրեթե ողջ էլիտան։ Զորաշարժերի մասնակիցների ցանկում ընդգրկված են համազորային բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատուկ նշանակության 2-րդ և 24-րդ առանձին բրիգադները (Պսկովի և Նովոսիբիրսկի տեղակայման), 31-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադը (Ուլյանովսկ), 55-րդ լեռնային բրիգադը (Կիզիլ), 15-րդ խաղաղապահ բրիգադը (Սամարայի մարզ), որի մասնագետները Արցախում խնդիրներ են կատարում։ Բացի այդ, կներգրավվեն Ղրղզստանում և Տաջիկստանում ռուսական ռազմակայանների ավիախմբեր, 201-րդ ռազմակայանի կազմից С-300 զենիթահրթիռային համակարգեր։ Հավանաբար, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը նույնպես ներկայացված կլինեն ստորաբաժանումներով, որոնք հատուկ նախապատրաստված են դժվարամատչելի լեռնային տեղանքում գործողություններ իրականացնելու համար։

Իսլամաբադում առևանգել են Աֆղանստանի դեսպանի դստերը և կտտանքների ենթարկել նրան

Անկախ «Թալիբանի»* ներկայացուցիչներից ստացած անվտանգության երաշխիքներից՝ Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի նրա դաշնակիցները պետք է նախապատրաստվեն Աֆղանստանում զինված դիմակայության զարգացման վատագույն սցենարին։ Վառոդն ավելի լավ է չոր պահել, իսկ զորքերը` պատրաստ արդյունավետորեն ոչնչացնելու ապօրինի ռազմական խմբավորումները։ Հարևան Իսլամական պետությունում տիրող բարդ իրավիճակից, մարտական գործողությունների քաոսից կարող են օգտվել երեք տասնյակ ահաբեկչական խմբավորումների զինյալները։

Իրականությանը մոտ լեգենդներ

Օգոստոսի սկզբին՝ առաջին փուլում ՌԴ–ի և Ուզբեկստանի Հանրապետության միացյալ զորախումբը մարտական գործողություններ կմշակի Ուզբեկստանի Սուրխանդարյայի մարզում` Աֆղանստանի սահմանի անմիջական հարևանությամբ։ Ռուսաստանը կներկայացնեն Կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ նշանակության 24-րդ առանձին բրիգադի հետախուզական խմբերը և 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումները։ Զորքերի մասնագիտացումն ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակը համապատասխանում են գրոհայիններին ոչնչացնելու խնդիրներին և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը կարճ խաղաղապահ գործողությունների ձևաչափում։ Միևնույն ժամանակ օդից աջակցություն կապահովի անձնակազմի կողմից կառավարվող անօդաչու հարվածային ավիացիան։

ԱՄՆ-ն Աֆղանստանում ա՞յլ նպատակներ ունի

Ուզբեկստանի Թերմեզ զորավարժարանում ռուսական հատուկ նշանակության զորքերը մարզվում են կանոնավոր կերպով։ Որպես կանոն, այստեղ մշակվում է սահմանն անցնելուց և Ուզբեկստանի բնակավայրերից մեկը գրավելուց հետո ահաբեկչական խմբավորման օպերատիվ չեզոքացման սցենարը։

Երկրորդ փուլում համատեղ զորախմբի գործողությունները կծավալվեն Ղրղզստանի «Էդելվեյս» ուսումնական կենտրոնում։ «Սահման-2021» հատուկ զորավարժությունների ձևաչափում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արագ տեղակայման կոլեկտիվ ուժերը (ՀԱՊԿ) կմշակեն հարավից ներխուժած ահաբեկչական ջոկատների շրջափակումն ու ոչնչացումը։ ՌԴ զորքերը ներկայացված կլինեն 55-րդ առանձին մոտոհրաձգային լեռնային բրիգադով և Կանտում տեղակայված ռուսական ավիաբազայի Су-25СМ գրոհիչների անձնակազմերով։ Այդ ինքնաթիռներն արդեն հուլիսին Ղրղզստանի լեռնային տեղանքում սկսել էին որոնել «ահաբեկիչների» քողարկված բազաները։

Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին

Թեժ կլինի ամռան վերջն ու աշնան սկիզբը Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ ռազմակայանի համար. շուրջ 100 զինծառայող արդեն իսկ մինչև 3000 մետր բարձրության վրա պատրաստություն են անցել Կրասնոյարսկի երկրամասի «Երղակի» բարձրադիր ուսումնական կենտրոնում։ Ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված են մի քանի մոտոհրաձգային գումարտակներ, հրետանային դիվիզիոն, ավիախմբեր և ապահովման ստորաբաժանումներ։

Կենտրոնական Ասիայի ռազմավարական ուղղության վրա անհրաժեշտ է հաշվի առնել ռուսական Կենտրոնական ռազմական օկրուգի ներուժը, որին ենթարկվում է 201-րդ բազան։ Օրինակ, 2021 թվականին օկրուգը երկու անգամ ավելացրել է կառավարվող զենքի կիրառման համար նախապատրաստած օպերատիվ–մարտավարական ավիացիայի օդաչուների քանակը։ Կենտրոնական ռազմական օկրուգի հրետանավորները ռադիոկապի միջոցների օգնությամբ ավտոմատացրել են կրակի կառավարման համակարգը։ Մարտական տեխնիկան կառավարվում է համակարգիչների օգնությամբ, և տվյալների բազայում առկա կոորդինատները զգալի կրճատում են հրետանային հարվածներ հասցնելու ժամանակը։ Միայն հունիսին «ճակատամերձ» օկրուգը 180 միավոր նոր սպառազինություն է ստացել։

Տաջիկստանում Աֆղանստանից ռազմական սպառնալիքներին հավանական պատասխան հասցնելու պլանավորմամբ զբաղվում է ՀԱՊԿ միացյալ շտաբի օպերատիվ խմբավորումը։

Օպերատիվ իրավիճակը

Աֆղանստանի հյուսիսային գավառներում հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները` թալիբների կողմից դրանց բռնազավթումից հետո։ Զինյալների գրոհներին օգնում է ամերիկյան սպառազինությունը , որը մնացել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո (այսպիսով «էմիրությունը» մոտ 10 հազար միավոր զենք ու տեխնիկա է ստացել)։ Դեպքերի հետագա զարգացումը անկանխատեսելի է, աֆղանական ողջ սահմանը պինդ փակել հնարավոր չէ։

Հայ խաղաղապահի «Արա Աբգար» կանչը մարտական տագնապի պատճառ է դարձել Աֆղանստանում

Աֆղանական խաղաղ գործընթացին աջակցելու նպատակով Ուզբեկստանը, ԱՄՆ–ն, Պակիստանն ու Աֆղանստանը որոշել են նոր քառակողմ հարթակ ստեղծել խորհրդակցությունների համար։ Սակայն այն բանից հետո, երբ ԱՄՆ–ն ավարտել է գործողություններն Աֆղանստանում, 95%–ով դուրս է բերել զորքերը, և հուլիսի սկզբին թողել Բաղրամ ավիաբազան, բանակցային բոլոր հարթակները ամերիկացիների մասնակցությամբ քիչ համոզիչ են թվում։

Project Syndicate պարբերականն արդարացիորեն նկատում է. «ԱՄՆ–ն աֆղանցիներին թողնում է կողոպտիչ իսլամական ուժի գթասրտությանը, ուժ, որը վայրագությունների և դաժանությունների երկար պատմություն ունի։ Արդեն այսօր թալիբների հարձակումը հանգեցրել է տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների տեղահանմանը»։

«Թալիբանի»* հաջողությունների ֆոնին Anadolu Ajansı թուրքական լրատվական գործակալությունը կանխատեսում է ՌԴ–ի ռազմական համագործակցության անխուսափելի ընդլայնում Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ և նույնիսկ տարածաշրջանի երկրներում ռուսական նոր բազաների ստեղծում, «նախևառաջ` Ուզբեկստանում», որն ի դեպ ՀԱՊԿ անդամ չէ։ Կապրենք, կտեսնենք։

«Թալիբան» *–ը ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։