ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքին քվեարկելու համար կաշառք բաժանելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Պարզվել է, որ Կ. Գրիգորյանն ու Ռ. Հակոբյանը, ընդգրկված լինելով «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի աշխատանքներում, 2021 թվականի հունիսի 9-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի մի շարք ընտրողների, այդ թվում՝ Վ. Գալուստյանին և Ս. Բաղդասարյանին, իսկ վերջիններիս միջոցով նաև նրանց ազգականներին ու ծանոթներին առաջարկել են տարբեր չափերի կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը, ընդունելով հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու դիմաց որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ ստանալու առաջարկը, Կ. Գրիգորյանին են փոխանցել նաև իրենց ընտանիքի անդամների և ծանոթների անձնագրային տվյալները, որից հետո մինչև ընտրությունների անցկացման օրը, Կ. Գրիգորյանից անձամբ քանիցս պահանջել են կաշառքի գումարները:
Բացի այդ, Ս. Բաղդասարյանն ու Վ. Գալուստյանը իրենց ծանոթներին տեղեկացրել են Կ. Գրիգորյանի կողմից Մասիսի տարածաշրջանի հաշվառում ունեցող հնարավորինս շատ ընտրողների կաշառք տալու պատրաստակամության մասին և ստացել նրանց համաձայնությունը գումարի դիմաց դաշինքի օգտին կողմ քվեարկելու վերաբերյալ, ապա այդ մասին տեղեկացրել են Կ. Գրիգորյանին և վերջինիս փոխանցել նշված ընտրողների անձնագրային տվյալները:
Երկու և ավելի ընտրողների կաշառք տալու համար Կ. Գրիգորյանին և Ռ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողներին կաշառք տալը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կաշառք ստացողների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։