Փաշինյանի կադրային ռեզերվը բավական սահմանափակ է. Հրանտ Միքայելյան

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կադրային միջուկն իր կազմով բավական սահմանափակ է, պահեստայինների նստարանին գրեթե ոչ ոք չի մնացել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik, Աշոտ Սաֆարյան: Հայաստանի խորհրդարանում ղեկավար պաշտոնների թեկնածուների ընտրությունը հերթական ապացույցն է այն բանի, որ իշխող ուժի համար ամենակարևոր չափանիշը մարդկանց հավատարմության հարցն է, ոչ թե նրանց մասնագիտական հմտությունները: Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

ԱՄՆ–ում ՀՀ դեսպանին հետ են կանչել, բայց նա արդեն նոր պաշտոն ունի

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, իսկ նրա երկու տեղակալներ կարող են դառնալ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործող ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Այսպիսով, խորհրդարանի ղեկավարությունում չենք տեսնի ո՛չ գործող նախագահ Արարատ Միրզոյանին, ո՛չ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին։ Ինչ վերաբերում է վերջինին՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ ասել էր, որ Թորոսյանը խորհրդարան է գնում: Սակայն այդ ժամանակվանից նախկին նախարարի հետագա քաղաքական ճակատագրի մասին որևէ նորություն չկա։

Վերլուծելով առաջիկա նշանակումները՝ Միքայելյանը նշում է, որ, նախ, Սիմոնյանի «խոսակցական հավակնությունները վաղուց էին երևում՝ դեռ մինչ ԱԺ նախորդ ընտրությունները։ Երկրորդ՝ կադրային նշանակումների տրամաբանությունը թիմային շահերից է բխում։ Թե ինչպես են հասարակության մեջ վերաբերվում այս կամ այն անձին, էական չէ։

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

«Հիմա հավատարմության հարցն ավելի սուր է դարձել։ Կարծում եմ՝ Փաշինյանը որոշակի կասկածներ ունի Արարատ Միրզոյանի հավատարմության վերաբերյալ։ Բացի այդ, գործող խոսնակը, թիմի մյուս անդամների համեմատ, ավելի ինքնուրույն է։ Նա որոշ հարցերում համամիտ չէ իշխող ուժի մոտեցումների հետ, մասնավորապես, Արցախի վերաբերյալ։ Հնարավոր է, որ այս և այլ պահերն իրենց դերն են ունեցել», - նշում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ տվյալ իրավիճակում հաշվի է առնվում քաղաքական կոնյունկտուրան, իսկ երբեմնի վաստակը, մարդկանց պրոֆեսիոնալիզմը երկրորդ պլան են մղվում։ Հակառակ դեպքում հազիվ թե իշխող ուժը նույն Արշակյանին առաջադրեր փոխխոսնակի պաշտոնում։ Բոլորը հիշում են այս տարվա փետրվարին Աբու Դաբիի ռազմական ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հետ կապված սկանդալը, երբ տեխնիկայի նմուշների փոխարեն այցելուները սովորական բուկլետներ տեսան։ Ռազմարդունաբերության ոլորտը ղեկավարում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն այն ժամանակ գլխավորում էր Արշակյանը: Այդ ձախողումն այն ժամանակ ներեցին, բայց մի քանի շաբաթ անց, սրճարանում հարձակվելով լրագրողի վրա, նախարարը հերթական սկանդալի մեջ հայտնվեց։ Դրանից հետո նա հրաժարական տվեց։

ԱԺ–ում գործելու ենք պողպատե մանդատի տրամաբանության մեջ. Ալեն Սիմոնյան

«Իշխանության համար առաջնահերթությունը ոչ թե այն է, որ իրենց նշանակած կադրերը լինեն առավելագույնս մաքուր ու ընդունելի հասարակության համար կամ դրա այն հատվածի համար, որը տիրապետում է քաղաքական իրավիճակին: Առաջնահերթությունն այն է, որ կադրերն առավելագույնս կատարեն այն, ինչ պահանջվում է նրանցից»,- կարծում է Միքայելյանը։

Փորձագետը չի հիշում մի դեպք, երբ Փաշինյանի օրոք այս կամ այն պաշտոնյան պաշտոնից ազատվի բացառապես աշխատանքի ձախողումների պատճառով։ Հակառակ դրան՝ բազմաթիվ մարդիկ թիմից դուրս են մնացել միայն այն պատճառով, որ չեն համաձայնել վարչապետի այս կամ այն որոշման հետ։

«Կարելի է հիշել Պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Անանյանին, երկու նախկին արտգործնախարարներին, նախկին ոստիկանապետերին կամ ԱԱԾ ղեկավարներին։ Ոչ մեկի մասին չի ասվել, որ նա չի կարողացել կատարել իր գործառույթները։ Բայց բոլոր այն կադրերը, որոնք իրապես չեն կարղանում անել իրենց գործը, մնում են իրենց տեղերում կամ վատագույն դեպքում մի պաշտոնից մյուսն են տեղափոխվում», - նշեց քաղաքագետը։

Ընդհանուր առմամբ, նա գնահատում է Փաշինյանի կադրային ռեզերվը բավական սահմանափակ՝ պնդելով, որ պահեստայինների նստարանին գրեթե ոչ ոք չկա։ Այլապես հասարակությունն արդեն նոր դեմքեր կտեսներ։