«Մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն». Վարդան Պետրոսյանը դիմել է ԿԳՄՍՆ–ին

Հայտնի դերասանը կարծում է, որ թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար` այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի ֊ Sputnik. Դերասան Վարդան Պետրոսյանին մտահոգել է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի և Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի միացման հավանականությունը։ Նա դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

«Երկու տարբեր ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական ավանդույթներ ունեցող թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար` այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ։ Գումարած, որ ուղղակի կփակվի ևս մի թատրոն` պետության կողմից հովանավորվող մի արվեստի օջախ։ Արդյունքում մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն։ Այսպես մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ», - Facebook–ում գրել է դերասանը։

Նրա խոսքով` այդ որոշման իրագործումը ցավալի հետևանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի անդառնալի մշակութային կորստի։

Այլ կոլեկտիվի հաշվին պետք չէ. Սերգեյ Սմբատյանը` նվագախմբին հատկացվող տեղի մասին

Պետրոսյանը գերատեսչությանը հորդորել է հետ կանգնել այս որոշումից և խնդրի կարգավորման համար գտնել այլ լուծում։

Հիշեցնենք` ԿԳՄՍՆ–ն հուլիսի 13-ին հայտնել էր, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու որոշման նախագիծ է մշակվում։ Թատրոնների միացման գործընթացը կիրականացվի միայն կառավարության որոշումից հետո: Որոշումն ընդունվելուց հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին։ Ըստ նախարարության` միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ կստեղծվեն ստեղծագործական կազմի համար։ Երաժշտական թատրոնը չունի նվագախումբ, երգչախումբ, պարային խումբ, և ԿԳՄՍՆ–ն առաջարկում է Պարոնյան թատրոնի պրոֆեսիոնալ խմբերի ռեսուրսն օգտագործել։

Կոնստանտին Օրբելյանը կշարունակի՞ ղեկավարել օպերայի թատրոնը. մաեստրոն փակագծեր է բացել