Ադրբեջանցիները կրկին կրակ են բացել Երասխի հատվածում. ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումների սադրիչ գործողություններից հետո ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրիչ գործողությունների են դիմել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ժամը 18:40-ից սկսած` ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ ցանկացած նման գործողություն արժանանալու է հայկական կողմի կոշտ արձագանքին: Իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Ադրբեջանցիները օդ են կրակում. Գեղամասարի բնակիչները վաճառում են անասուններին

Հիշեցնենք` հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Խոտ չկա. Վերին Շորժայում թշնամու քթի տակ անասունների համար ձմռան պաշար են հավաքում