Ադրբեջանական կողմը չի խորշում եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց. ԱԳՆ

ԱԳՆ-ն հիշեցնում է, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ ի պատասխան «Արմենպրեսի» հարցի՝ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի տարածքային և պատմական պահանջները։ 

Ալիևը պատրաստվում է մեկնել Մոսկվա

ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է»,-նշված է հայտարարության մեջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է, քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։

Ժամը 13:30-ից ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ԱԳՆ-ից տեղեկացնում են նաև, որ Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար։

Նշենք, որ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Նրա խոսքով` կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց:

Ալիևի պնդմամբ` եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր, ու քանի որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք, հետևաբար ադրբեջանցիների երկիրը նաև Զանգեզուրն է, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևան):