Միակ կապող օղակը Շուշիի հետ. փրկված գորգերն «արևին են տվել». օրվա կադր

Երևանում՝ Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ, շուրջ 70 գորգեր են փռել արևի տակ` հաճելին պարտադիրի հետ համատեղելով։ Գորգերի ճակատագիրը, սակայն, անհայտ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Շուշիի գորգերի թանգարանի փրկված նմուշներն այսօր «արևին են տվել»։ Այս` գորգերի համար անհրաժեշտ գործողությունը համատեղել էին հաճելիի հետ` գորգերն արևին էին տվել հանրային վայրում` Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի դիմաց։

Ամեն մեկն իր պատմությունն ունի. արցախյան գորգերը փրկվել են պատերազմից ու հասել Երևան

Sputnik Արմենիայի հետ զրույցում Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը նշեց` 70-ից ավել գորգեր են փռել։

«Արևի տակ փռելը պարտադիր պայման է փաթաթված գորգերի համար, և եթե արևին չտաս, ժամանակի ընթացքում գորգը կփչանա` թղթի պես կարող է պատռվել այն։ Նույն գործողությունն անում էինք նաև Շուշիում` գորգերի թանգարանի առջևի հատվածում. ավանդույթները շարունակվում են»,–ասաց Ասծատրյանը` հավելելով, որ փորձել են պետքական գործողությունը տոնի վերածել։

Ի դեպ, անցորդներից ոչ ոք անտարբեր չէր մնում` բոլորը կա՛մ լուսանկարում, կա՛մ հենց իրենք էին լուսանկարվում գորգերի հետ։ Իսկ շատերն Ասծատրյանին ինչ–ինչ հարցեր էին տալիս, հետաքրքրվում` գորգերը չե՞ն վաճառվում։

Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

Ասծատրյանն ասում է` մարդկանց հետաքրքրությունը շատ մեծ է, նաև սրտացավ են շատ։ Իսկ երբ իմանում են` Շուշիի գորգերն են, ավելի են հետաքրքրվում դրանց ձեռքբերման և պահպանման պատմությամբ։ Նրա խոսքով` առավոտյան, երբ գորգերը դուրս էին բերում, արդեն իսկ գորգագործներն են տեղում եղել ու ուսումնասիրել դրանք։

«Շուշիի գորգերի թանգարանը միակն է, որ փրկվել է. սա նաև միակ օղակն է Շուշիի հետ կապող, եթե չպահպանենք գորգերն ու թանգարանի գաղափարը՝ Շուշին մեր մեջ կկորցնենք։ Հիմա ես տարածքի խնդիր ունեմ` չգիտեմ, թե Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցադրվող մեր գորգերի ճակատագիրն ինչ է լինելու 1 ամսից, երբ ցուցադրության ժամկետն ավարտվի»,–ասաց Ասծատրյանը։

Նա հայտնեց, որ տարածք տրամադրելու հարցով դիմել է ԿԳՄՍ նախարարություն, և իրեն ասել են, որ Սարդարապատի թանգարանում կարող են ցուցադրել դրանք։ Սակայն հարցն այն է, որ Սարդարապատի թանգարանում արդեն իսկ կան գորգեր, և Ասծատրյանը չի ուզում, որ Շուշիի թանգարանը կցվի մեկ այլ թանգարանի։

Նրա խոսքով` մեղմ ասած անտրամաբանական վիճակ է ստեղծվել, քանի որ չէր սպասում` 5 ամիս ցուցադրվելուց հետո գորգերը որևէ տեղ չեն ունենա։

Ի դեպ, Sputnik Արմենիայի ֆոտոխցիկը ֆիքսել է արևի տակ փռած գորգերից ուշարժան կադրեր։

Հիշեցնենք, որ Ասծատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ պատերազմի օրերին հեռախոսի լույսերի ներքո է Շուշիի գորգերի թանգարանից դուրս բերվել գորգերի հավաքածուն։ Նրա խոսքով` 160 ամենաարժեքավոր գորգերն են հասցրել փրկել։