ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրգործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավար է նշանակվել Խորեն Մեջլումյանը, որն էլ քրեական գործն ընդունել է վարույթ: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը` անդրադառնալով Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի հայտարարությանը։
Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել՝ նշելով. ինչպե՞ս է Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել քննիչ Մեջլումյանը, երբ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, հանդիսացել է այլ քննիչ: Նրա խոսքով` Առուշանյանի կալանավորման որոշումն ապօրինի է։
«Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրվա դրությամբ Մեջլումյանի՝ քննչական խմբի ղեկավար հանդիսանալու հանգամանքի մասին են վկայում քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերը։ Այդ թվում են նաև քննչական խումբ կազմելու մասին որոշումը մեղադրյալին և պաշտպաններին ծանոթացնելու մասին հուլիսի 15-ին կազմված արձանագրությունը, որի վրա առկա են վերջիններիս ստորագրությունները»,–գրել է Օհանջանյանը։
Շինծու է ու անլուրջ․ Առուշանյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին
Նրա խոսքով` անհերքելի է, որ Առուշանյանի պաշտպանները քաջատեղյակ են եղել, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Մեջլումյանը, ում կողմից էլ կայացվել են Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու որոշումները:
Օհանջանյանը հավելում է, որ ակնհայտ է` Առուշանյանի պաշտպանության կողմի տարածած հայտարարությունը հանրությանն ապակողմնորոշելու և քննության օբյեկտիվ ընթացքը վարկաբեկելու էժանագին հնարք է:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Առուշանյանը կալանավորվեց։ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Օհանջանյանը չի ընդունում մեղադրանքը. պաշտպանը պատրաստվում է բողոքարկել կալանքի որոշումը
ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։