Ոստիկանները նաև լրագրողի են բերման ենթարկել

Անժելա Նալբանդյանը ոչ թե մասնակցում էր բողոքի ակցիային, այլ լուսաբանում այն։ Նրա խոսքով՝ բերման ենթարկող ոստիկանները բավականին կոպիտ են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Ոստիկաններն այսօր բերման են ենթարկել լրագրող, Para.TV առցանց հեռուստաընկերության փոխտնօրեն Անժելա Նալբանդյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Անժելան որոշ մանրամասներ ներկայացրեց։

«Գլուխը խփեք գետնին». Գեղամ Նազարյանը պատմեց իրեն բերման ենթարկելու մանրամասները

ՀՅԴ երիտասարդներն այսօր շարունակել են բողոքի ակցիան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստան կատարած այցին ընդառաջ։ Անժելայի խոսքով՝ ինքը ոչ թե մասնակցում էր բողոքի ակցիային, այլ լուսաբանում այն։ Ոստիկանները պահանջել են հեռանալ։

«Արդեն հեռացել էի ու հասել Վազգեն Սարգսյան փողոց, երբ մի քանի ոստիկան մոտեցան ու ինձ բերման ենթարկեցին»,- նշեց Անժելան։

Նրա խոսքով՝ բերման ենթարկող ոստիկանները բավականին կոպիտ են եղել։ Անժելա Նալբանդյանին արդեն ազատ են արձակել։ Քանի որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել, իրավական գործընթաց նախաձեռնելու մասին դեռ չեն մտածել։

Հավելենք, որ Անժելա Նալբանդյանը «Հայաստան» դաշինքի անդամ է։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել էր աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությանը: Ոստիկանությունն առավոտից ուժեղացված ծառայություն էր իրականացնում գործադիր մարմնի շենքի դիմաց։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօրվա բողոքի ակցիայի 16 մասնակցի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ։