Վատ սովորությունների օգտակար կողմերը․ գիտնականների ուսումնասիրությունը

Պարզվում է՝ ոչ բոլոր վատ սովորություններն են մարդու համար վնասակար։ Դրանցից մի քանիսը դրական են անդրադառնում առողջության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Անպարկեշտ բառերի օգտագործումը կամ բամբասելու ցանկությունն ընդունված է վատ սովորությունների շարքին դասել, բայց, պարզվում է, դա ամենևին էլ այդպես չէ։ Ինչպես գրում է Med-heal.ru կայքը՝ այնպիսի սովորությունները, որպիսիք են թափթփվածությունը, բամբասանքներ տարածելու, անպարկեշտ բառեր օգտագործելու հակումն ու ծամոն ծամելը, նույնիսկ օգտակար են առողջության համար։ 

Կյանքի տևողությունը կախված է մազերի գույնից. գիտնականների հետազոտությունը

Քիլի համալսարանի բրիտանացի գիտնականները պարզել են, որ հայհոյախառն բառապաշարի օգտագործումը կարող է բարձրացնել ցավային շեմը և, համապատասխանաբար, նվազեցնել ցավային զգացողությունները: Դա ակնհայտ է դարձել փորձի արդյունքում, որի մասնակիցները հայհոյել են՝ ձեռքերը սառցաջրի մեջ ընկղմելով։

Տարիներ շարունակ համարվում էր, որ ծամոնները ոչնչացնում են ատամի էմալը և վնասում են օրգանիզմին, սակայն Ամերիկյան ատամնաբուժական ասոցիացիան ապացուցեց, որ դա այդպես չէ: Մաստակը կանխում է կարիեսի զարգացումը, ինչպես նաև նպաստում է տեղեկատվությունը մտապահելուն և սթրեսի դեմ առավել արդյունավետ պայքարին:

Բամբասանքներ տարածելու սովորությունը վնասակար է համարվում, բայց այն ժամանակ, երբ կապի ժամանակակից միջոցները գոյություն չունեին, բամբասանքները տեղեկատվության տարածման հիմնական ուղիներից էին, այդ թվում՝ կարևոր տեղեկությունների: Բամբասանքները օգնում են սոցիալական կապեր հաստատել նաև մեր ժամանակներում։

Ինչպես է սուրճն օգնում լյարդին․ գիտնականների անսպասելի բացահայտումը

Թափթփվածության հակումը, պարզվում է, նույնպես վնասակար սովորություն չէ։ Գիտնականներն ապացուցել են, որ, այսպես կոչված, ստեղծագործական խառնաշփոթն իսկապես ավելացնում է կրեատիվությունը, հատկապես, եթե խոսքը երեխաների մասին է: Եվ եթե ժամանակ առ ժամանակ, այնուամենայնիվ, կարգուկանոն եք հաստատում, ապա դա բարելավում է ինքնազգացողությունն ու զգացմունքային տրամադրվածությունը: