Ուզո՞ւմ ես պատվաստվել շրջիկ կայանում, ուրեմն հերթագրվիր

Համակարգի միջոցով հնարավոր է դառնում կարգավորել հերթերն ու պատվաստման գործընթացն առավել հարմարավետ դարձնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Այսուհետև կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։ ՀՀ առողջապահության նախարարությունը պատվաստման գործընթացն առավել հարմարավետ ու դյուրին դարձնելու համար գործարկել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Համակարգի նպատակն է անհարկի կուտակումները բացառելն ու հերթերը կանոնակարգելը։

Պատրաստ եմ Հայաստան տեղափոխվել. ինչպես են օտարերկրացիները պատվաստվում Երևանում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Հյուսիսային պողոտայում տեղակայված պատվաստումային կայան, ծանոթացել հերթերի կարգավորման նոր համակարգի շնորհիվ կարգավորվող պատվաստման ընթացքին։

Էլեկտրոնային գրանցման համակարգը ներառում է 3 բաժին.

  • ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք,
  • քաղաքացիություն չունեցող անձինք,
  • կացության իրավունք ունեցող անձինք։

«Համակարգը նախատեսում է ինչպես պատվաստումային գործընթացի իրականացում, այնպես էլ խորհրդատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը խոստանում է, որ շարունակելու է պատվաստման գործընթացը մարդկանց համար առավել հասանելի, պարզ և վստահելի դարձնելու ամենօրյա աշխատանքները։

Հիշեցնենք` Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ արտասահմանցիներն այսուհետ չեն կարողանա պատվաստվել պոլիկլինիկաներում։ Հերթերից խուսափելու ու ՀՀ քաղաքացիներին անհարմարություն չպատճառելու համար պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները։ Իսկ արտասահմանցիների պատվաստումները կիրականացվեն բացառապես Երևանի կենտրոնական փողոցներում տեղակայված շրջիկ կետերում։