ՌԱԴԻՈ

Փաշինյանը մի զարկով երկու նապաստակ խփեց. ի՞նչ տվեց Գրիգորյանի նշանակումը ՌԴ-ին և ԱՄՆ-ին

Արմեն Բադալյանի կարծիքով` Գրիգորյանին ԱԳՆ առաջին տեղակալ նշանակելով` Փաշինյանը երախտագիտություն հայտնեց ԱՄՆ-ին։
Sputnik
Փաշինյանը մի զարկով երկու նապաստակ խփեց. ի՞նչ տվեց Գրիգորյանի նշանակումը ՌԴ-ին և ԱՄՆ-ին

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը որոշում է մեկ մարդ` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անկախ նրանից, թե ովքեր են նշանակվել կամ պաշտոնավարում տվյալ գերատեսչության վերին օղակներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Ինչու Փաշինյանը Գրիգորյանին տեղափոխեց ԱԳՆ. Հակոբյանը` աղմկահարույց նշանակման մասին

Նրա խոսքով` արևմտամետ հայացքներ ունեցող և իր հայտարարություններով Ռուսաստանին, նաև ՀԱՊԿ-ին տորպեդահարող Արմեն Գրիգորյանի նշանակումը չի կարող լուրջ ազդակ լինել ՀՀ արտաքին գերատեսչության քաղաքականության փոփոխության հարցում։

Ըստ քաղտեխնոլոգի` Գրիգորյանին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելով` Փաշինյանը Ռուսաստանին հաճոյանալու քայլ արեց, քանի որ Հայաստանի դաշնակցի համար կարևոր նշանակություն ունեն, թե ովքեր են Հայաստանի ուժային կառույցների` ԱԽ-ի, ԱԱԾ-ի և ՊՆ–ի ղեկավարները։

«Ռուսաստանը միշտ էլ ձգտում էր, որ ինքն ազատվեր այդ պաշտոնից, քանի որ այն ենթադրում է իրավական գաղտնի փաստաթղթերի առկայություն և դրանց մեջ եղած ինֆորմացիայի ծանոթացում, իսկ Ռուսաստանը վստահ չէ, որ գաղտնի փաստաթղթերը, հայտնվելով Արմեն Գրիգորյանի ձեռքում, չեն կարող հայտնվել մեկ այլ երկրի շահագրգիռ կազմակերպությունների մոտ»,- ասաց նա։

Ըստ Բադալյանի` Գրիգորյանին նոր պաշտոնում նշանակելով` Փաշինյանը նաև երախտագիտություն հայտնեց ԱՄՆ-ին, որն ըստ օդում կախված լուրերի` այդքան էլ անմասն չի մնացել հունիսի 20-ի ընտրական գործընթացից։

Նորանշանակ Արմեն Գրիգորյանը դիվանագիտական ծառայություններին հաճելի անակնկալներ է մատուցում

«Քվեների հաշվման ժամանակ բազմաթիվ մարզերում լույսերը հանկարծակի անջատվեցին, և այդ անջատումը կապված էր Վրաստանում տեղի ունեցած ինչ-որ խնդիրների հետ, իսկ Վրաստանից լույսը կարող էր անջատվել մեկ այլ երկրի աջակցությամբ, ինչը նպաստեց գործող իշխանությունների վերարտադրմանը»,- նշեց Բադալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները դրվել են հուլիսի 14-ին արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանի վրա։

Հիշեցնենք, որ արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Արա Այվազյանը հրաժարական էր տվել մայիսի 27-ին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակի ապաԷսկալացման ծրագրի հրապարակումից հետո։

Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները`Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Արմեն Ղևոնդյանը։

Հունիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախարարի տեղակալներ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանն ու Գագիկ Ղալաչյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Արմեն Ղևոնդյանի հրաժարականը Փաշինյանը չէր ընդունել, և նա ժամանակավորապես կատարում էր նախարարի պարտականությունները։