ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Գերմանիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ձերդ Գերազանցություն, խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Հյուսիսային Հռենս-Վեստֆալիա և Ռայնլանդ-Պֆալց երկրամասերում ջրհեղեղի հետևանքով տասնյակ զոհերի և վիրավորների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին։ Կիսելով այս ծանր վիշտը՝ մաղթում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Վստահ եմ, որ Գերմանիայի կառավարությանը կհաջողվի կարճ ժամանակահատվածում հաղթահարել այս դժվարին փորձության հետևանքները»։
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում հորդառատ անձրևներ են տեղում, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Ռեյնը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:
Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ հեղեղված ճանապարհների ու ավերված կամուրջների պատճառով։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի հինգ շրջանների բնակիչներին տարհանում են, քանի որ ամբարտակի փլուզման վտանգ է առաջացել: Գետի հեղեղումից հետո Տրիր քաղաքից դուրս է բերվել մոտ 350 մարդ։ Ռեյն Էրֆթ շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Գերմանիայում մահացածների թիվն աճում է, հեղեղվել են փողոցներն ու տները. տեսանյութ
Ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 133-ի։