Ժամը 13:30-ից ադրբեջանական ԶՈւ–ն պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ–ի` ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է:

Հիշեցնենք` հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին։