ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք` արդեն մի քանի օր է՝ Գերմանիայում հորդառատ անձրևներ են տեղում, որոնք պայմանավորված են «Բերնդ» ցիկլոնով։ Տարերքը հիմնականում հարված է հասցրել արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, այդ թվում՝ Ռեյնը, դուրս են եկել ափերից ու լցվել փողոցները:
Տասնյակ տներ են հեղեղվել Ղրիմի Բախչիսարայի շրջանում. տեսանյութ
Որոշ բնակավայրերի հնարավոր չէ մոտենալ հեղեղված ճանապարհների ու ավերված կամուրջների պատճառով։
Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամասի հինգ շրջանների բնակիչներին տարհանում են, քանի որ ամբարտակի փլուզման վտանգ է առաջացել: Գետի հեղեղումից հետո Տրիր քաղաքից դուրս է բերվել մոտ 350 մարդ։ Ռեյն Էրֆթ շրջանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։
Գերմանիայում մահացածների թիվն աճում է, հեղեղվել են փողոցներն ու տները. տեսանյութ
Ջրհեղեղի հետևանքով մահացածների թիվը հասել է 133-ի։