Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի նաև իր մյուս հարևանների նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Փաշինյանի խոսքով` հարևանների ատելության կոնտեքստում հայերի հանդեպ ատելությունն առաջին տեղում է դրված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. Երբ ուսումնասիրում ենք Ադրբեջանի միջազգային քաղաքականությունը, պարզ է դառնում, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ նաև իր հարևանների մեծամասնության նկատմամբ, հարցը միայն Հայաստանը չէ։ Այսօր կառավարությունում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններից հետո։

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել. Նիկոլ Փաշինյան

«Հիմա նրանք խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին, ունեն Հարավային Ադրբեջան, ունեն Հյուսիսարևմտյան Ադրբեջան, և ադրբեջանների ցանկը շատ լայն է։ Կարծում եմ՝ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես տարածաշրջանի անվտանգության համար։ Կարծում եմ՝ սա միայն քաղաքական հռետորաբանության հարց չէ, և երբ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ են դասավանդում Ադրբեջանի դպրոցներում, տեսնում ենք, որ հարևանների նկատմամբ այդ ագրեսիվ քաղաքականությունը կա»,- հայտարարեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ Ադրբեջանում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակին», որտեղ էքսկուրսիաների են տանում երեխաներին։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ակնհայտ է, որ հարևանների ատելության կոնտեքստում հայերի նկատմամբ ատելությունն առաջին տեղում է դրված։

Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի` տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը։ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության համաձայն բանակցություններ սկսել, ինչպես կողմերն են ձևակերպել, «սկզբունքների հիման վրա»։ Փաշինյանն իր ուրախությունը հայտնեց, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման և որոշման կարևորությունը։ Ըստ Փաշինյանի՝ հենց դա է հակամարտության կարգավորման անկյունաքարը։