ՀՀ նախագահը Ձյունիկ Աղաջանյանին հետ է կանչել դեսպանի պաշտոնից

Աղաջանյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2018 թվականի օգոստոսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ձյունիկ Աղաջանյանին հետ է կանչել Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Սարգսյանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

Նա փաստաթուղթը ստորագրել է` հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (ՀՀ նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին):

Ձյունիկ Աղաջանյանը 1984–1989 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 1987–1989 թթ.՝ ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։ 1996–1998 թթ. սովորել է Կոլումբիայի համալսարանի միջազգային և հանրային հարաբերությունների դպրոցում և ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։ 2002 թվականին ուսանել է Շվեդիայի Ուփսալա համալսարանի Խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությունների ֆակուլտետում։

1992թ.–ից աշխատել է ՀՀ ԱԳՆ–ում։ 2011թ.–ից ներկայացրել է Հայաստանը տարբեր երկրներում. եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Նիդեռլանդներում, Ինդոնեզիայում։

Աղաջանյանը Ինդոնեզիայի Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր նշանակվել 2018 թվականի օգոստոսին։